Նյույորքյան ձայնագրման Wind-Up Records ընկերության նախկին տնօրեն և պոկերի սիրահար, 67-ամյա Ալան Մելտցերը 1.5 միլիոն դոլար է կտակել իր վարորդին և դռնապանին: «Ես դեռ չեմ որոշել, թե ինչ եմ անելու փողերի հետ, սակայն գիտեմ մի բան. ամեն տարի ես ծաղիկներ եմ դնելու Ալանի գերեզմանին: Նա լավ մարդ էր, միշտ լավ տրամադրված: Չնայած որ ես հարուստ եմ դարձել, չեմ կարող ասել, թե շատ ուրախ եմ. սա չի նշանակում, որ Ալանը այլևս մեզ հետ չէ»,- ասել է հանկարծակի միլիոնատեր դարձած, 54-ամյա վարորդ Ժան Լաբորդը: Մելտցերը նրան կտակել էր 1 միլիոն դոլար` իր կարողության 10 տոկոսը:
500 հազար դոլար մագնատը կտակել էր Մանհեթենում գտնվող իր տան դռնապան Շամիլ Դեմիրաժին: «Մենք Ալանի հետ շատ լավ ընկերներ ենք, սակայն ինձ համար այս ժեստը անսպասելի էր»,- ասել է դռնապանը:
Մելտցերը մահացել էր 2011 թվականի հոկտեմբերին` կնոջից` Դիանայից բաժանվելուց մեկ տարի անց, որի հետ ապրել էր 13 տարի:
Միլիոնատերը կնոջը ոչինչ չի թողել, սակայն մամուլում գրում են, որ վերջինս դրանից չի տխրել: «Նա փող է թողել նրան, ում ցանկացել է: Մենք ամուսնալուծված ենք, և ինձ համար բացարձակապես միևնույն է, թե ինչ է արել նա իր միլիոնների հետ»,- ասել է Դիանան:
|