Ապրիլի 8-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարցում էինք ուղարկել` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. ե՞րբ եւ ո՞ր ընկերությանն է տրվել Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում գտնվող ոսկու հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան, ե՞րբ եւ քանի՞ տարով է «Նագին» ընկերությանը տրվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երկաթի հանքի շահագործման լիցենզիան:
11 օր անց նախարարությունից պատասխանել են, որ « …ընդերքօգտագործման հանքային իրավունքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գտնվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից կենտրոնացված գրանցամատյանում: Գրանցամատյանը բաց է հասարակության համար եւ Ձեր աշխատակիցները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են օգտվել դրանից»:
Մեր հրապարակումից հետո Ազգային Ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը նույն հարցերով նամակ էր ուղարկել նախարար Արմեն Մովսիսյանին: Ի տարբերություն «Հետքի» տրված պատասխանին՝ նախարարն իր ստորագրությամբ պատշաճ պատասխան է ուղարկել Անահիտ Բախշյանին:
Պատասխանում նշված է. «ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող Բարձրավանի հանքային դաշտի (հանքային դաշտի տարածքը կազմում է 40 քառ. կմ, որը ներառում է Բարձրավանի, Շինուհայրի, Տաթեւի, Տարձատափի համայքների որոշակի տարածքներ եւ Հալիձոր համայնքի տարածքից 9,27 քռ.կմ) ուսումնասիրության թիվ 43 հատուկ լիցենզիան 2008 թ.-ի ապրիլի 23-ին տրամադրվել է «Արեկլա Լոկալ Թրեյդինգ» ՓԲ ընկերությանը: ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրի հանքարդյունահանման թիվ ՀՍ-Լ-14/53 հատուկ լիցենզիան` 2007 թվականի հունվարի 26-ին` 25 տարի ժամկետով տրամադրվել է «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊ ընկերությանը(«Նագին» ՍՊ ընկերության իրավահաջորդը)»:
«Արեկլա Լոկալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության սեփականատերերն անհայտ են: «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի սեփականատերեը ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի որդին է` Սուրեն Այվազյանը եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:
Հիշեցնենք, որ այս ընկերության բաժնեամասերի հիմնական մասը ձեռք է բերել չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը: Վերջինս նախատեսում է 2012 թ. շահագործել Հրազդանի հանքավայրը:
«Հետքն» առաջիկայում կանդրադառնա, թե ինչպիսի խախտումներով են տրամադրվել հանքարդյունահանման եւ ուսումնասիրման լիցենզիաներ տարբեր կազմակերպությունների: Եւ թե կոռուպցիայի ինչպիսի պարարտ դաշտ է դարձել լիցենզիա հատկացնող կառույցը:
Հիմք` wwwhetq.am