Սեքսը ամենահետաքրքիր, ամենահուզող և ամենացանկալի թեման է հասարակություններում:
Ամենաշատ այցելվող կայքերը պոռնոսայթերն են: Մարդու մեջ ամենակենսունակ, ամենաարարող և դրա հետ մեկտեղ՝ կործանիչ էներգիան սեքսուալ էներգիան է: Ասում են՝ դրանից մեկ-մեկ անգամ մարդ է ծնվում:
Կարծում եմ՝ նոր բան չասացի, դրա մասին ասել են հին Չինաստանում, Հնդկաստանում: Այդ էներգիայի և երևույթի մասին բազում գրքեր կան գրված և կարծում եմ՝ դեռ չգրված…
Քրիստոնեությունը միշտ հետապնդել է սեքսը, նախատել, պիտակներ կպցրել: Եվ Անարատ, Աստվածային բեղմնավորման մասին լեգենդը դարձավ քրիստոնյաների համար գրեթե ամենասիրելին: Աստված չէր կարող ծնվել կեղտոտ, անառակ, սեքսուալ պրոցեսի արդյունքում: Նա ծնվում է կամ սուրբ հոգուց, կամ մի երկու բուռ ջրից, կամ քամուց….
Մի խոսքով, ամեն ինչից, բայց ոչ սեքսի հետևանքում: Չեմ ուզում ընկնել պատմամշակութային գզվռտոցի մեջ, այդ իսկ պատճառով հարցս կձևակերպեմ միանգամից: Իսկ մեզ մոտ ինչպիսի՞ն է եղել վերաբերմունքը սեքսի նկատմամբ: Կարծում եմ՝ մոտավորապես նույնը, ինչպես Եվրոպայում: Չէ, մեր եկեղեցին ինկվիզիցիայի չի ենթարկել դիվահար կանանց: Մեր տղամարդիկ խոպան գնալուց առաջ իրենց կանանց հավատարմության գոտի չեն հագցրել: Միևնույն է՝ հարևանից ամեն ինչ կիմանար: Բայց մեզանում էլ, այսպես ասած, սեքս չկար և չկա: Չեմ կարծում, թե հիմիկվա դպրոցներում անցնում են սեռական դաստիարակություն: Մի քանի անգամ հարցրել եմ երեխեքին, ասել են, թե անգամ կենսաբանության դասատուն բազմանալու մասին դասը թռելա, չեն անցել: Չեմ կարծում նաև, որ դրա մասին ազատ խոսվում է ընտանիքներում: Հայերեն թարգմանված լուրջ գրականություն էլ առանձնապես չկա: Ուրեմն մնում է էլի ապավինել անասնական բնազդին: Մեկ-մեկ մտնել պոռնոկայք՝ նոր դիրքեր ուսումնասիրելու նպատակով և անպայման շուտ ամուսնանալ, որ փրկվես սեռավարակներից: Ի դեպ, հիմա դա էլ չի փրկում, շուտ ամուսնացողները հենց պրծնում են ծնողների հսկողությունից, միանգամից անցնում են ամեն ամիս սեռական պարտնյոր փոխելու գործին:
Ես մի անգամ հետաքրքրության համար դեղատան աշխատողին հարցրեցի. "կանայք երբևիցե պահպանակ առնո՞ւմ են:” Աշխատակցուհին կարմրեց ու ասաց. "ոչ իհարկե, դա տղամարդկանց համար է:” Կարծես թե տղամարդը մենակ է սեքսով զբաղվելու: Դե արի ու բացատրի, որ դա մենակ տղամարդու համար չի, ինչպես ասում են՝ ընդհանուր գործ է: Եվ հիվանդություններն էլ են ընդհանուր: Հետաքրքիր է՝ մեր կրթության նախարարությունը մտածո՞ւմ է, որ դա էլ է պետք դպրոցում անցնել: Չէ՞ որ, մեր մենթալիտետը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ ծնողները դրա մասին ավելի դժվար կխոսեն, քան հատուկ հրավիրված մասնագետը: Չէ, դե ես հասկանում եմ, որ առաջին քրիստոնյա ազգին սեքս անելը վայել չի, բայց այդուհանդերձ անում են, չէ՞: Կարելի է, իհարկե, խոսել բարոյականության մասին, ասել որ, սերը սեքսի հետ կապ չունի: Մարիամ Աստվածածնի համար՝ թերևս: Իսկ մեզ համար ունի: Եվ պետք է վերջապես հասկանալ, որ մարդը ոչ թե մեղսավոր է, այլ՝ ուղղակի մարդ է: Սեռական դաստիարակությունն էլ է վերջապես էլեմենտար հիգիենա, որի մասին տեղյակ չէին Չինգիզ խանը, Կալիգուլան և շատ ուրիշներ: Թշնամիները, երբ ուզում էին կործանել հարևան երկիրը, սիֆիլիսով վարակված կանայք էին ուղարկում թագավորին իբրև նվեր:
Մենք այդ թեմաներով չունենք թոք-շոուներ, հետաքրքիր ծրագրեր: Երբ որ մեր սերունդն էր ամեն ինչ իմանում պադեզդներում, հասկանալի էր: Մեր ժամանակ զուգարանում "Պռավդա” օրաթերթ էինք օգտագործում: Բայց հիմա ի՞նչ է եղել: Ինչո՞ւ դրա մասին պետք է իմանան միայն ինտերնետից: Ինչո՞ւ այն, ինչ որ պետք է ազատ քննարկվեր և ուսուցանվեր, վատնված է ամոթխած լռության: Չէ՞ որ սեքսի ամենաայլանդակ դրսևորումները ի հայտ են գալիս կուսանոցներում, փակ հասարակություններում: Խնդրեմ, Պարսկաստանը ձեզ օրինակ: Հռոմի պապն էլ, հիշում եմ, մի առիթով ներողութուն խնդրեց իրենց կուսանոցներում պեդոֆիլիայի դեպքերի համար: Դե հիմա մեզնից չխոսեմ, որ իմ որոշ նուրբ ընթերցողների ազգային արժանապատվությունը չվիրավորվի: Բայց այդուհանդերձ մեզանում վիճակն ավելի լավ չի: Մենք չգիտենք՝ ինչ անենք այդ արարող էներգիայի հետ: Մի կողմից հայկական փտած ավանդապաշտությունը, մյուս կողմից՝ ինտերնետը: Դե իհարկե, կարելի է առաջնորդվել սովետական "сделай сам” նշանաբանով, բայց մինչև ե՞րբ: Կարծում եմ, մեզ՝ հայերիս դրա մասին ավելի է պետք մտածել, քան այլ ժողովուրդներին: Մեզ համար սեքսը դարեր շարունակ ասոցացվել է նաև բռնությանն հետ: Մեզ՝ հայերիս համար դա վատ բան է, նախատելի, ամոթ, վտանգավոր: Վերջինի հետ համաձայն եմ: Սեքսը զենք է. այն սխալ օգտագործելու դեպքում քեզ և դիմացինին կարող է սպանել: Մի՞թե դա բավական չէ, որ մեր երեխեքին սովորեցնենք՝ ինչպես օգտվել այդ զենքից:
P.S. Միանգամից ասեմ հատուկ "նուրբ” ընթերցողի համար: Ես չեմ քարոզում որ դպրոցներում սեքս անեն:
Ես չեմ խրախուսում սեքսուալ սանձարձակությունը:
Ես հարգում եմ բոլորի սեքս անելու ցանկությունը կամ ցանկության բացակայությունը:
Ուղղակի հիշեցնում եմ:
Սեռական օրգանները միայն միզելու համար չեն:
Սերգեյ Դանիելյան
|