Փետրվարի 12-ին Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը և Հանրապետական Արամ Դանիելյանը: Այսօր Սասուն Միքայելյանը պատասխանեց «Հետքի» մի քանի հարցերին:
-Պարոն Միքայելյան, ինչու՞ եք ուզում դառնալ քաղաքապետ:
- Արդեն քսաներեք տարի է՝ ես այս երկրի համար կյանք եմ տվել: Իմ երկիրը, իմ ժողովրդին ես սիրում եմ: Գոնե մի հիշատակ թողնեմ. էս քաղաքը տեսքի բերենք, որ երեխաները ապագա ունենան: Երիտասարդ սերունդը տեղ չունի գնալու՝ երիտասարդական կենտրոններ կառուցենք, քաղաքն ասֆալտապատենք, մաքուր, նորմալ քաղաք լինի, որ մարդիկ կարողանան ազատ մտնել էդ շենք, դուրս գալ (խոսքը քաղաքապետարանի մասին է), հարցերին լուծում տրվի, կամ բնակիչներին գոնե ուղղություն ցույց տանք, թե որտեղ և ինչպես լուծեն իրենց խնդիրները:
Մարդու համար անհրաժեշտն անելու համար եմ գալիս: Հրազդանը պիտի դարձնեմ ժողովրդավարության կենտրոն, որ էստեղից բոլորը վարակվեն, ու ժողովրդավարություն տարածվի Հայաստանում: Ոչ մի արգելք չի լինելու կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հայրենակցական միությունների համար: Թող գան, տարածք տրամադրենք, որպեսզի ազատ կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը. թող ժողովուրդը կողմնորոշվի՝ ում հետևից կգնա:
-Ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակը Հրազդանում:
-Ահավոր. մարդկանց ճնշելով, վախեցնելով, ստիպելով, գործից ազատելով պարտադրում են իրենց թեկնածուին ընտրել: Բա էլ ընտրությունն ինչի՞ համար է. որ մարդուն ասում են՝ չընտրես, չես աշխատի: Բռնի ուժով մինչև ու՞ր պիտի գնան:
-Բռնություններ կա՞ն:
-Ո՞նց չկան: Դուք մեր երկրից չե՞ք, չգիտե՞ք՝ ինչ է կատարվում Հրազդանում: Կոշմար է:
-Այսօր Հրազդանում բնապահպանական բազմաթիվ խնդիրներ կան: Դուք Ձեր ծրագրում ի՞նչ եք նախատեսում այդ ուղղությամբ:
-Երկաթահանքի բաց շահագործումը բնակավայրին այդքան մոտ տարածքում բերելու է աղետալի հետևանքների՝ ռադիոակտիվ ֆոն, ջրի աղտոտում, փոշի և այլն: Եթե դա լինի, բնակչությունը պետք է արտաքսվի այստեղից: Ես դա թույլ չեմ տա: Այս տարածքը պետք է կարգավորվի, ծառ ու ծաղիկ պիտի լինի այստեղ:
-Ներկայումս ինչպիսի՞ն է Հրազդանը:
-Շատ ծանր վիճակում՝ անշուք, անլույս քաղաք, անհույս քաղաք: Ես գալիս եմ հույսի ու հավատի վերականգնման համար:
-Ընտրվելու դեպքում ո՞ր խնդիրն եք առաջնահերթ լուծելու, ի՞նչն եք կարևորում:
-Հավատն եմ վերականգնելու: Այստեղ շատ վատ մթնոլորտ է ձևավորվել. մարդիկ հուսահատված են, ոչ մի բանի հետ հույս չեն կապում: Ուզում եմ այս շենքի նկատմամբ, եթե սա կոչվում է իշխանություն, հավատը վերականգնվի: Ես իմ արածն արել եմ. ժողովուրդը պիտի գնահատական տա փետրվարի 12-ին: Բայց ես թույլ չեմ տա, որ վախի մթնոլորտում նորից մեկի բերան փաթաթեն իմ ժողովրդի վիզը:
Լուս.` Գ. Շամշյանի
|