Էջմիածնի N զորամասի շարքային զինծառայող Տիգրան Նախշքարյանը փետրվարի 15-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, ժամկետային զինծառայող Արամ Ղլիջյանի հետ կատակելով գնացել է լվացվելու: Հասնելով բաղնիքի մոտ՝ Արամը սկսել է կատակները «համեմել» սեռական բնույթի հայհոյանքներով: Տիգրանը նկատողություն է արել, որ իր հետ նման կատակներ չանի, ինչից հետո Արամը ձեռքով հարվածել է Տիգրանի աչքին:
Տիգրանն էլ իր հերթին է հարվածել Արամի դեմքին եւ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որը տեւել է մոտ 15-20 վայրկյան: Դրանից հետո Տիգրանը գնացել է լվացարան, իսկ Արամը`զորանոց:
Այդ օրը զորամասի հերթապահը եղել է կապիտան Ասլան Սարիբեկյանը: Նա նկատել է, որ տղաները կռվել են եւ նրանց անմիջապես տարել է հրամանատար Ասլանյանի մոտ: Ինչպես Արամը, այնպես էլ Տիգրանը կատարվածի մասին խոստովանել են:
Փետրվարի 28-ին նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 359 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):
Մարտի 25-ին Արամի ու Տիգրանի նկատմամբ, որպես խափանման միջոց, նշանակվել է «հրամանատարի հսկողությանը հանձնելը»: Զորամասի հրամանատարությունն էլ, որպես կարգապահական տույժ, Արամին ու Տիգրանին 3 օր զրկել է ազատությունից:
Մայիսի 19-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում, Վահե Խալաթյանի նախագահությամբ, կայացավ առաջին դատական նիստը: Մեղադրանքը պաշտպանում էր Երեւանի զինվորական կայազորի դատախազ Սարգիս Սարգսյանը:
Արամի ու Տիգրանի պաշտպանությունն իրականացնում էր Արմավիրի մարզի հանրային պաշտպան Ցոլակ Մարգարյանը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` «Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալ այն դեպքում, երբ առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջեւ»: Պաշտպան Ցոլակ Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արամի եւ Տիգրանի գործում շահերի բախում չկա, քանի որ վերջիններս ընդունել են իրենց մեղքը եւ հաշտվել:
Ամբաստանյալի կարգավիճակում հայտնված երկու զինվորներն էլ դատարանի դահլիճում հրաժարվեցին ցուցմունքներ տալուց, ուստի դատավոր Խալաթյանն ընթերցեց նախաքննության փուլում նրանց տված ցուցմունքները: Արամն ու Տիգրանը պնդեցին իրենց ցուցմունքները, որով փաստացի ընդունում էին իրենց մեղքը:
Դատավորի հանգամանալից բացատրություններից հետո, թե դատարանում կողմերն ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն, Տիգրան Նախշքարյանն ասաց, թե ինքը լավ չի հասկացել իրեն առաջադրված մեղադրանքը եւ պաշտպանի հետ խորհրդակցելու կարիք ունի: Մեղադրողն առարկեց՝ ասելով, թե առանց այդ էլ մի քանի անգամ նրան բացատրվել է իր իրավունքների մասին եւ ժամանակ տրամադրելու կարիք չկա:
Դատավորը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը եւ տրամադրեց 10 րոպե ժամանակ: Վ. Խալաթյանը 5 րոպե ժամանակ էլ տվեց, որ ամբաստանյալները խորհրդակցեն պաշտպանի հետ` արդյոք ցանկանո՞ւմ են արագացված դատաքննություն կիրառել, թե՞ ոչ: Տիգրանն ու Արամը չհամաձայնվեցին արագացված ընթացակարգով դատավարությանը:
19-ամյա տղաներն ընդամենը մի քանի ամսվա զինծառայողներ են եւ երբեք աչքի չեն ընկել կռվարարությամբ ու հակաօրինական գործունեությամբ: Այդ էին վկայում նաեւ զորամասի հրամանատարության տրամադրած դրական բնութագրերը:
Դատարանում էին գտնվում նաեւ զորամասի սպայական կազմի ներկայացուցիչները: Նրանք միաբերան պնդում էին, թե երկուսն էլ խելացի եւ կարգ ու կանոնին հետեւող տղաներն են, պարզապես «երեխայություն են արել»:
Արամն ու Տիգրանը դատարանում նստած էին կողք-կողքի: Բավականին ընկճված էին, ամաչում էին բարձրաձայն խոսել: Նրանց ձայնը չբարձրացավ նաեւ դատավոր Վահե Խալաֆյանի հորդորներից հետո` «արդեն 6-րդ անգամ եմ ասում` բարձր խոսեք, որ բոլորն էլ լսեն, դուք միայն ձեր համար չեք խոսում»:
Գործում որպես վկա դատակոչված էին երկուսը` շարքային զինծառայող Արշալույս Խաչատրյանը եւ կապիտան Ասլան Սարիբեկյանը: Վերջինս ներկա էր դատարանի դահլիճում, երբ ցուցմունք էր տալիս շարքային Խաչատրյանը, ինչը պիտի արգելեր դատարանը: Սակայն դատավորը դեմքով չէր ճանաչում Ասլանյանին, իսկ դատական նիստն սկսելուց առաջ էլ չճշտեց` դահլիճում վկաներ կա՞ն, թե՞ ոչ: Դատավորին վկաների ներկայության մասին չէին տեղեկացրել նաեւ կարգադրիչները: Ասլան Սարիբեկյանն էլ չգիտեր, որ ինքը դատարան էր եկել վկայի կարգավիճակով եւ պետք է հարցաքննվեր: Նա անկեղծորեն զարմացավ, երբ այդ մասին տեղեկացրին:
Ամբաստանյալների փաստաբան Ցոլակ Մարգարյանը պաշտպանական ճառում նշեց, որ ամբաստանյալի կարգավիճակում հայտնվածները երկու երիտասարդներ են եւ դատարանն արդարադատություն իրականացնելիս պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի, թե նրանց պատժելով ավելի շատ վնաս չի՞ հասցնի զինված ուժերին, քան նրանց կողմից կատարված արարքն է: Պաշտպանն ասաց, որ կռվի առիթը լուրջ պատճառ չի եղել: Արամն ու Տիգրանը գտնվել են ջերմ ընկերարական հարաբերությունների մեջ եւ վիճել են դեպքերի պատահական զուգորդմամբ, ինչը ծանր հետեւանքներ չի առաջացրել:
Որպես մեղմացնող հանգամանք Ց. Մարգարյանը նշեց այն փաստը, որ անբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել կատարվածի համար, զղջացել են, տվել են ցուցմունքներ եւ աջակցել են նախաքննության իրականացմանը:
Պաշտպանը նշեց, թե քանի որ Արամի եւ Տիգրանի նկատմամբ մեկ անգամ արդեն կիրառվել է կարգապահական պատիժ, ապա նրանց նկատմամբ չի կարող երկրորդ անգամ պատիժ նշանակվել, ուստի դատարանից խնդրեց քրեական գործը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը:
«Այնուամենայնիվ, եթե իմ ասածը դատարանն արժանահավատ չի համարի, գտնում եմ, որ ամբաստանյալներին կրթելն ու դաստիարակելը հնարավոր է առանց նրանց նկատմամբ պատիժ նշանակելու: Եթե պատիժ է նշանակվելու, առաջարկում եմ պայմանականորեն չկիրառել եւ նրանց նկատմամբ նշանակել փորձաշրջան»,-ավելացրեց ամբաստանյալների պաշտպանը:
Մեղադրող դատախազ Սարգիս Սարգսյանն էլ ապացուցված համարեց, որ կատարվածը լիովին համապատասխանում է քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին: Մեղադրողը նույնպես թվարկեց նրանց հանցանքը մեղմացնող հանգամանքները՝ նշելով, որ գործում ծանրացնող հանգամանքներ չկան, ուստի առաջարկեց Արամին եւ Տիգրանին դատապարտել 6 ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելով, որպես խափանման միջոց` հրամանատարության հսկողությանը հանձնելը փոխել կալանքով, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հանրային պաշտպան Ցոլակ Մարգարյանը կարծում է, որ մեղադրողի պահանջածը խիստ պատիժ է: Դատարանը Արամ Ղլիջյանի եւ Տիգրան Նախշքարյանի վերջին խոսքը կլսի մայիսի 27-ին:
Հիմք` http://hetq.am